Posted in Թումանյան, Մայրենի

Ահմադը

Ա

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում:

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այնտեղ էի լինում: Իմ քեռիներից ամենից փոքրը` Ահմադը, հովիվ էր:

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարճի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգը ու ածում:

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իմ քեռիները, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ:

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե` Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ…

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է. բայց հենց ներս մտներ, տեսներ թե Ահմադը ինչպես է ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ նա տան սիրելի տղան է:

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր թե հարևանը հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր, տալի: Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում: Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թե չէ, մեր ուրախությունն էլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե էլ ուրիշ ինչ կուզի սիրտը:

Բ

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ` բոլոր տանեցիք տխուր են:

Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում: Հարսներն ու աղջկերքը լուռ, տխուր ներսուդուրս էին անում: Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխակոր նստած էին քեռիներս:

— Աստված լինի քո օգնականը, բալա ջան, — խոսում էր պապս: — Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար: Պակաս օրդ խնդությունով անց կենա… Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է: Վեր կաց, բալա ջան, աստված բարի ճամփա տա, ոտդ ոչ դիպչի քարի…

Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին: Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով:

— Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես: Մեզ մտիցդ գցես ոչ: Թե աջողություն ունենաս` իմացրու, որ մենք էլ ուրախանանք, թե պակասություն ունենաս` իմացրու, որ հարեհաս լինենք: Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա:

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան: Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ: Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին:

— Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան, — ձեռքը ճակատին դրած ետևից ձայն էր տալիս պապս:

Գ

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչո՞ւ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց», մտածում էի ես:

— Ահմադը ո՞ւր գնաց, նանի — հարցրի իմ տատին:

— Իրենց տունը գնաց, — պատասխանեց տատս:

— Իրենց տունը ո՞րն է…

— Ուրիշ տեղ է:

— Ահմադը ո՞վ էր որ…

— Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր… Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց…

— Բա էլ չի՞ գալու:

— Չէ՜, բալա ջան, գնա՜ց…

Առաջադրանքներ

Բացատրի՛ր պատմվածքում ընդգծված բառերն ու արտահայտությունները։

Անց կացնել-անցկացնել

Ման ածել-ման տալ

Ածել- այս դեպքում՝ նվագել

Պար գալ-պարել

Մին-մեկ

Ժաժ գալ-շարժվել

Աջողություն-հաջողություն

Դո՛ւրս գրիր դարձվածքները և բացատրի՛ր։

Ես առանձնացրել եմ մի քանի դարձվացքներ։

Անասունների համար հոգին տալիս էր:-Անասուններին շատ էր սիրում ու պատրաստ էր հանուն նրանց մահանալ։

Քեզ մատաղ-ինչ-որ մեկին շատ սիրել ու հանուն նրա պատրաստ լինել զոհաբերվել։

Դո՛ւրս գրիր բարբառային բառերը և բացատրիր։

Ժաժ գալ-շարժվել

Հանաք անել-ձեռք առնել

Ման ածել-ման տալ

Ինչպե՞ս էր Ահմադը հայտնվել հայ ընտանքիում։ Տեքստում կա՞ այդպիսի հատված, որտեղ պատմվում է այդ մասին։

Ահմադը հայ ընտանիքում թուրք ծառա էր, այդպես է նա հայտնվել հայ ընտանիքում։

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչո՞ւ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց», մտածում էի ես:

— Ահմադը ո՞ւր գնաց, նանի — հարցրի իմ տատին:

— Իրենց տունը գնաց, — պատասխանեց տատս:

— Իրենց տունը ո՞րն է…

— Ուրիշ տեղ է:

— Ահմադը ո՞վ էր որ…

— Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր… Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց…

— Բա էլ չի՞ գալու:

— Չէ՜, բալա ջան, գնա՜ց…

Ի՞նչպես էին տնեցիները վերաբերվում Ահմադին։ Դուրս գրի՛ր նրանց վերաբերմունքը բնորոշող հատվածները։

Տնեցիները Ահմադին վերաբերվում էին ինչպես հարազատ մարդ։

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իմ քեռիները, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ:

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է. բայց հենց ներս մտներ, տեսներ թե Ահմադը ինչպես է ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ նա տան սիրելի տղան է:

Բնութագրի՛ր Ահմադին։

Ահմադը թուրք լինելով շատ բարի և հոգատար մարդ էր ու զարմանալին այն է, որ նա հայ ընտանիքի հետ վերաբերվում էր հարազատ մարդկանց նման։

Ի՞նչ տրամադրությամբ Ահմադը տանեցիներին հրաժեշտ տվեց։ Դո՛ւրս գրիր այդ տողերը։

Ահմադը տանեցիներին շատ տխուր հրաժեշտ տվեց։ Ճիշտ է նա թուրք ծառա էր, բայց այսքան ժամանակ նրանց հետ ապրում էր ու մի ընտանիք էին։ Դրա համար Ահմադը լացելով էր ճանապարում հայ ընտանիքին։

Հատված՝

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ` բոլոր տանեցիք տխուր են:

Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում: Հարսներն ու աղջկերքը լուռ, տխուր ներսուդուրս էին անում: Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխակոր նստած էին քեռիներս:

Փորձիր հորինել պատմվածքի շարունակությունը․ <Իսկ հետո Ի՞նչ եղավ>։

Հովհաննեսը տխրեց ու հեռացավ։

Ինչի՞ մասին է այս պատմվածքը, ի՞նչ է սովորեցնում։ Մի քանի նախադասությամբ ներկայացրու կարծիքդ

Այս պատմվածքը սովորեցնում է, որ մարդը ում սիրում են կարող է լինել շատ լավ մարդ նույնիսկ թուրք։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով